Ճամփորդությունը՝ ծրագրի տարածման միջոց. համագործակցություն Այնթապի հետ

IMG_1966

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիում ճամփորդությունն ուսումնական գործունեության կարևոր բաղկացուցիչ է, որի միջոցով կարողանում ենք կրթահամալիրում իրականացվող ծրագրերը տարածել:

Կրթական փոխանակումներն ամրապնդում են մարդկային շփումները, փոխհարաբերությունները: Սովորողները համագործակցելով շատ հեշտ են փոխանցում իրենց հմտությունները, միմյանց հետ համատեղ աշխատելով՝ կայանում են: Համագործակցային նախագծերը նպաստում են դասավանդողների, սովորողների հետ համատեղ խմբային, անհատական ուսումնական նախագծեր իրականացելու, միասին սովորելու, իրար ճանաչելու, տարբեր կարողությունների և հմտությունների ձևավորմանը: Մեր դասարանը ևս անմասն չի մնացել և ճամփորդության միջոցով փորձել ենք համագործակցել:

Ես սկսել եմ համագործակցել Նարինե Սարգսյանի հետ, ով նախկինում աշխատել է կրթահամալիրում՝ որպես դասվար: Այժմ նա աշխատում է Արարատի մարզի Այնթապ գյուղի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 դպրոցում: Մեր հանդիպումները եղել են կրթահամալիրում՝ աշնանային և գարնանային արձակուրդների ընթացքում, քանի որ այդ ժամանակ մեզ մոտ սեմինարներ էին լինում, իսկ իրենց դպրոցում՝ արձակուրդ: Քննարկել ենք, թե ինչպես ենք իրականացնում

«Իմացումի հրճվանք» ծրագիրը, վերապատրաստումները, ինչպես ենք պատրաստվում դիջիթեքին, ստուգատեսներին, ճամփորդություններին, դասարանական համերգ-ներկայացնումներին և այլն: Մեր քննարկումների արդյունքում որոշեցինք կազմակերպել ճամփորդություն և նշել Զատկի ծեսը: Եվ քանի որ Նարինեի դասարանը առաջին էր, իսկ իմը՝ երրորդ, առաջարկություն եղավ համագործակցել իրենց դպրոցի երրորդների հետ, իսկ Նարինեն մեզ հետ շրջեց և ներկայացրեց՝ հույս ունենալով, որ առաջիններն էլ կհանդիպեն մեր դպրոցում մեր առաջինների հետ: Երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյանի հետ կազմեցինք Զատկի ծեսի նախագիծը, ուղարկեցի Այնթապի դպրոցի դասվարներին, որ ծանոթանան ծրագրին: Իսկ մենք՝ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Սովորողները համացանցից գտան Այնթապ գյուղի մասին տեղեկություն, google maps ծրագրով գծեցին ճանապարհը, որպեսզի պատկերացնեն, թե որքան է ճանապարհի հեռավորությունը, քանի րոպեից կհասնեն, բլոգներում գրեցին, թե ինչպես են պատրաստվում գնալ ճամփորդության: Տաբեր հատիկեղենով՝ ոսպով, լոբով, գարիով, ցորենով ցանեցին ածիկներ և հետևեցին ածիկացանի աճին: Սովորեցին զատկական ասիկներ, հանելուկներ և պատրաստեցին ակլատիզ, իսկ երգերն ու պարերգերը զատկածառ պատրաստելով սովորեցին ընկեր Մարիամի հետ: Որպես նվեր սովորողները թաղարների մեջ տնկեցին քլորոֆիտում տեսակի ծաղիկներ, իսկ հյուրասիրության համար պատրաստեցին ադիբուդի, հետո նախապես գաթայի բաղադրատոմսը գրեցին բլոգներում և տիկին Անուշի օգնությամբ ճամփորդությունից մեկ օր առաջ թխեցին երեք շատ համեղ գաթաներ:

Եկավ ճամփորդության օրը, և մենք բարձր տրամադրությամբ ճամփա ընկանք: Ճանապարհին ցուցանակները կարդալով, երգելով շատ արագ հասանք Այնթապ գյուղ: Մեզ շատ ջերմ ընդունեցին և ուղեկցեցին դպրոցի դահլիճ: Ծեսն իրականացրինք մի քանի փուլով.

Սկզբում ընկեր Մարիամը սովորեցրեց զատկական երգերի բառերը, պատմեց զատկատոնի մասին, այնուհետև սովորողների մի խումբը ցանեց ածիկներ: Տոնը շարունակվեց բակում և ներկայացրին սովորած երգերը, պարերգերն ու ասիկները: Կազմակերպեցին հյուրասիրություն և շրջայց՝ եղանք գրադարանում, նախակրթարանում, դասարաններում, իսկ վերջում քայլեցինք դեպի գյուղի մատուռ: Այնթապի դպրոցի 7, 8-րդ դասարանի լրագրողները զատկատոնը նկարահանեցին, հարցազրույց վերցրին և իրենց դպրոցի ֆեսբուքյան էջում լուսաբանեցին: Վերադարձին երրորդցիները մեզ նվիրեցի Մանկական Աստվածաշունչ: Իսկ 3.2 դասարանի սովորողները վերադառնալուց հետո իրենց բլոգներում լուսաբանեցին ճամփորդության մասին իրենց տպավորությունները: Նշեմ, որ վերադարձից հետո, օրեր շարունակ սովորողները համեմատում, քննարկում էին կրթահամալիրի և Այնթապ գյուղի դպրոցի տարբերություններն ու մեզ համար անսովոր պայմանները, սակայն հավանեցին դահլիճի գունավոր լույսերը, միջանցքի մոլորակների պաստառը: Մեր համագործակցային ուսումնական ճամփորդությունը հաջողվեց և կարծում եմ՝ լինելու է շարունակական, քանի որ պայմանավորվեցինք, որ հաջորդ քայլը իրենց այցելություն է լինելու մեր կրթահամալիր: Այս ճամփորդության ընթացքում լուծվեցին մի շարք խնդիրներ և համագործակցության արդյունքում մեր հմտություններն ու կարողությունները կրկնապատկվեցին, փոխվեցին սովորողների աշխարհընկալումը,  ընկերների նկատմամբ  պատասխանատվության զգացումը, դրսևորեցին ինքնուրույնություն, նպաստեց մեդիահմտության, ուշադրության, խոսքի զարգացմանը:

 

 

Advertisements