Զատկատոն

Advertisements

Ածիկացան

Սովորողները տնից բերել էին տարբեր հատիկեղեն` ոսպ, ցորեն, գարի, լոբի և այլն: Այդ ամենը տեսակավորեցինք ու մի քիչ խաղացինք: Երեխաները ոսպով պատկերներ ստեղծեցին, գրեցին բառեր: Մինչ ածիկ ցանելը, քննարկեցինք, թե ինչը կաճի, ինչը` ոչ, արդյոք ցորենը, բրնձը, քարերը կաճեն: Այնուհետև մեկանգամյա օգտագործման ափսեների մեջ բամբակ դրեցին, ջրեցին ու ցանեցին ոսպ, լոբի, ցորեն, արևածաղկի սերմեր, բրինձ և նույնիսկ մանր քարեր: Ամեն օր հետևում էին աճին, չափումներ ու դիտարկումներ անում:

Զատիկ

IMG_2587

Մասնակիցներ`5 -6 տարեկաններ
Զրույց «Զատիկ» տոնի մասին, զատիկ միջատի մասին, զատկական ուտեստների մասին:

Ածիկ
Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ բամբակ են փռում, լավ թրջում են, վրան ցորեն, գարի, ոսպ կամ այլ հատիկ են ցանում: Բամբակը միշտ թաց պիտի լինի: Մինչև Զատիկ ածիկը ծլում է: Երեխաները հետևում են ածիկի աճին:
Ցանում են նաև եփած ցորեն, բրինձ, քարեր: Դիտարկելով համոզվում են, որ եփած ցորենն ու քարերը չեն ծլում: Քննարկում են, թե ինչու դրանք չծլեցին, պատկերացում են կազմում անկենդան և մեռած բնության մասին:
Բնագիտական փորձեր`  ձուն աղաջրի մեջ, քացախի մեջ:
Խաղեր` ձվակռիվ, ձու պտտել, գլորել:
Չորեքշաբթին չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:
«Չիք-չիք», «Աղամ, աղամ» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում.

_Չիք-չիք, մուկը չիք,
_Չիք-չիք, մոծակը չիք…
Կարելի է խաղալ հարցուպատասխանով
Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:
Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:
Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:
Մյուս խումբ. _Չիք-չիք, հիվանդությունը չիք:
Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:
Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:

Աղամ աղամ ի՞նչն աղամ…

Զատկական հանելուկներ

1.Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք:
2.Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
3. Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:
4.Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:

Ասիկներ-առածներ
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Զակտե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչի հատիկ է՜:
Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:
Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
Կարմիր ձուն Զատկին կսազե:
Զատկից հետո կարմիր հավկիթ:
Հենց սովածանան Զատկի փլավը միտը կբերեն:
Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա:
Աղտոտ մարդը Զատկին էլ աղտոտ կլինի:
Փիս մարդը Զատկին էլ փիս կլինի:
Գժի համար ամեն օր Զատիկ է:
Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի:

1.Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:
2. _ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
3. Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
Ընտանեկան նախագծեր՝

  • Զատկական կերակուրների պատրաստում, բաղադրատոմսեր:
  • paint նկարչական ծրագրով նկարել զատիկ միջատ և հորինել հեքիաթ
  • Մանակախաղերի, ազգային խաղերի նկարահանումներ

Զատկական երգեր` «Զնկլիկ», «Ճոր պար», «Կարկաչա»