Հովհաննես Թումանյան. Թռչունի մտածմունքը

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Advertisements

Հովհաննես Թումանյան. Պոչատ աղվեսը

Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի:
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Պառավն ասում է.
— Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է կովի մոտ։
— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կովն ասում է.
— Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ։
— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.
— Դե գնա ինձ համար ջուր բեր։
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։
— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղբյուրն ասում է.
— Դե գնա կուժ բեր։
Աղվեսը գնում է աղջկա մոտ։
— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղջիկն ասում է.
— Դե գնա ուլունք բեր ինձ համար։
Աղվեսը գնում է չարչու մոտ։
— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Չարչին ասում է.
— Դե գնա ինձ համար ձու բեր։
Աղվեսը գնում է հավի մոտ։
— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Հավն ասում է.
— Դե գնա ինձ համար կուտ բեր։
Աղվեսը գնում է կալվորի մոտ։
— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

Հովհաննես Թումանյան. Բարեկենդանը

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։ Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։ Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։
Կինը բարկանում է.
— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։
— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։
Կինը հանգստանում է, տանում է պահում։ Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.
— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։
Տղեն կանգնում է։
— Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։
— Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։
— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամաչո՞ւմ… Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…
—  Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։
— Դե արի տար։
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.
— Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։
— Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…
— Ա՛յ էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։
— Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց։
— Այ էն կողմը։
Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։
Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։
Գալիս է հասնում իրեն։
—  Բարի օր, ախպերացու։
— Աստծու բարին։
— Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։
— Անցկացավ։
— Ի՞նչ ուներ շալակին։
— Եղ ու բրինձ։
— Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
— Բավականին ժամանակ կլինի։
— Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։
— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
-Բա ի՞նչպես անեմ։
— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։
— Հա՜, էդ լավ ես ասում։
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։ Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։ Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Հովհաննես Թումանյան. Իրիկուն

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

Դոնալդ Բիսեթ. Որտեղից հայտնվեց Ծովաստղիկը

Եվ այսպես: Աշխարհում յոթ փղեր էին ապրում. ամենամեծ փիղը, մի քիչ փոքր փիղը, մի քիչ ավելի փոքր փիղը, միջնեկ փիղը, միջնեկից փոքր փիղը, փոքր փիղը և ամենափոքր փիղը, ավելի ճիշտ՝ փղիկը:
Մի օր նրանք կանգնել էին բլրի գագաթին՝ հենց  ծովի մոտ և նայում էին աստղերին: Գիշերը մութ էր, և աստղերը՝ փայլուն-փայլուն:
Ծովի ձկներն էլ էին աստղերին նայում:  Հենց ընկնող աստղ էին տեսնում, սուզվում էին ջրի տակ: Նրանք կարծում էին, թե աստղն ընկնում է ծովի հատակը:
_Եկեք բռնենք ընկնող աստղը,- ասաց ամենամեծ փիղը:
_Եկեք,-համաձայնեցին բոլորը:
Եվ այսպես: Ամենամեծ փիղը կնճիթով բարձրացրեց մի քիչ փոքր փղին, մի քիչ փոքր փիղը բարձրացրեց  մի քիչ ավելի փոքր փղին, մի քիչ ավելի փոքր փիղը՝ միջնեկ փղին, միջնեկ փիղը՝ միջնեկից փոքր փղին, միջնեկից փոքր փիղը բարձրացրեց փոքրին, իսկ փոքրը՝ ամենափոքրին, ավելի ճիշտ՝ փղիկին:
Հետո ամենամեծ փիղը բոլորին վեր նետեց, և նրանք թռան դեպի ընկնող աստղը: Հետո միջնեկ փիղը մի քիչ էլ բարձր նետեց բոլորին, և նրանք մի քիչ էլ  մոտեցան ընկնող աստղին: Հետո միջնեկից փոքր փիղը վերև նետեց  փոքրին և ավելի փոքրին, ավելի ճիշտ՝ փղիկին: Եվ նրանք համարյա հասան ընկնող աստղին:  Հետո փոքր փիղը նետեց ամենափոքր փղին, ավելի ճիշտ՝ փղիկին, և փղիկը կնճիթով բռնեց ընկնող աստղը և տվեց փոքր փղին: Փոքր փիղը աստղը տվեց միջնեկից փոքր փղին, իսկ միջնեկից փոքրը՝ միջնեկին: Միջնեկը աստղը տվեց միջնեկից մի քիչ մեծին, իսկ միջնեկից մի քիչ մեծը՝ մի քիչ ավելի մեծին, իսկ մի քիչ ավելի մեծը՝ ամենամեծին: Ամենամեծ փիղը աստղը տվեց ձկնիկին: Ձկնիկը կուլ տվեց աստղը և դարձավ ծովաստղ:

Հ. Թումանյան. Անբան Հուռին

Լինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Շարունակել կարդալ

Դոնալդ Բիսեթ. Գորգի տակ

Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյաի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել:  Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց.
_Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
_Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
_Ես երևակայական վագր եմ:
_Ես երևակայական ձի եմ:
_Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
_Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
_Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:
_Ոսկարնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:
Հետո նա մտավ գորգիտակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:
Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում:   Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:
Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.
_Խոտով բրդուճ:
Շեյլան չհավատաց ականջներին:
Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում:
Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.
_Ես ձեռքի  ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է:
_Եղավ,-ասաց Շեյլան:
Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ  մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:
_Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:
_Մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:
_Դ՜ե… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:
_Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:
_Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:
_Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:
_Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա գլխում մի միտք ծնվեց.   «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»,: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց,  զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:
Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին:
_Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան:
Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից  խռմփոցի ձայն էր լսվում: