Առավոտյան ընդհանուր պարապմունք

Ընդհանուր պարապմունք — ապրիլ

Նոր տնկած վարդերի խնամք, զատկական ասիկների ուսուցում բակում, Բանաստեղծություններ՝ «Ամենից լավ տունը» և «Բզեզի դպրոցը» հատված:

 Զատկական ասիկներ

Զատիկն ասել ա` հենց գամ, արմանաս, հենց գնամ, զարմանաս:
Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:
Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկ, Զատիկ, նավակատիկ,
Արի, նստի մեր տան մոտիկ,
Ես քե կուտամ իմ խաս  գուլպեն,
Արի, խեր բեր մեր տան վրեն:
Հողմը փչեց  ի հարավեն,
Ազատվեցին դաշտք  ձյուներեն,
Բերկրություն է ամեն  տղոց,
Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Ակլատիզը  փետելով  զատիկը  շուտ  չես  բերի:
-Բա ոնց բերենք
-Երգենք-պարենք

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ  բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը  գնաց, Զատիկն  եկավ,
Այծն էլ  թուփը  կերել է:

Ծերացել ես, ծե~ր_ծե~ր, մնացել ես դու անտեր,
Փետուր չունես, պոչ  ունես, պոչդ  առ  ու հեռացիր:

Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Բզեզի դպրոցը

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ…

-Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

Պիտի սովրեք, սովրեք էնքան,
Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։

Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում…
Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։

Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ…
Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞.
Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Ընդհանուր պարապմունք — մարտ

Նոր տնկած վարդերի խնամք, շարժախաղեր:
Բանաստեղծություններ՝«Շունն ու կատուն» հատված, «Մանուկն ու ջուրը»

Շունն ու կատուն

I
Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:
— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։

-Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Ընդհանուր պարապմունք — փետրվար

Համբարձման առավոտը

(հատված «Անուշ» պոեմից)

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

ծաղկունք-ծաղիկներ
ալվան-վառ կարմիր
վիճակ հանել- նախապես պահված իրը հանելով՝ դրա տիրոջ ապագան գուշակել

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկըվել է մի թիզ ձյունով.
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ է տեսել էս տեսակ սով.

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,
Աստծու սիրուն, մի կըտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կըգան օրեր գարնան,

Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,
Ու փոխարեն ձեր լավության
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կըմաքրենք մենք թըրթուրներից,
Ճիճուներից ու որդերից.

Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծտերի կողմից՝Ծիտիկ Ճնճղուկյան


Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.