Ծեսը՝ ուսումնական նախագիծ

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ. թեմաներ և ուղեցույց

Հետազոտական աշխատանքի թեման՝ «Ծեսը՝ ուսումնական նախագիծ»
Ժամաքանակը՝  5 ժամ
Կրեդիտների քանակը՝  3 կրեդիտ
Ղեկավար՝ Հասմիկ մաթևոսյան

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ
  2. Բովանդակություն
  3. Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը (Տեքստը շարադրելիս անհրաժեշտ է հղում կատարել այն աղբյուներին, որոնիցի փոխառնվել են օգտագործված նյութերը)
  4. Բաժիններ
  5. Եզրակացություն, առաջարկություն
  6. Օգտագործված գրականություն

Տեխնիկական պահանջներ. Աշխատանքը տպագիր է, 15-20 էջի սահմանում:Տառատեսակը՝ unicode, տառաչափը՝ 12, տողերի միջակայքը՝ 1, 5:

Ծեսը՝ ուսումնական նախագիծ

                       «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Ծեսը՝ ուսումնական նախագիծ

Կատարող՝ Գոհար Սմբատյան

Դասավանդած առարկան՝ դասվար

Խորհրդատու՝Հասմիկ Մաթևոսյան

2022 թ․
1

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն………………………………………………………………3  

Բաժին 1. Ծեսով ուսուցում…………………………………………………4

Ծեսով ուսուցման նպատակն ու խնդիրները……………………………….4

Ծես՝ ուսումնական նախագիծ………………………………………………5

Ծեսով ուսուցումը հեղինակ-մանկավարժի համար…………………………..7

Ծեսով ուսուցումը դպրոցում……………………………………………….7

Ծեսով ուսուցումը ընտանիքում……………………………………………8

Ծեսով ուսուցման միջառարկայական կապը……………………………..8

Ծեսերի իրականացման օրացույց…………………………………………9

Ծեսով ուսուցման արդյունքը………………………………………………9

Բաժին 2. Իրականացրած ծիսական նախագծեր․․․․․․․․․․․․․․․․․․․……11

Լավաշթխիկ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․………………………..11

Թթուդրիկ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․…………………………14

Խնոցի-հարոցի ծես․․․․․․․․․․․․․․․․․․․․․………………………………………14

Առավոտյան ընդհանուր պարապմունք․․․․․․․․․․․․․………………………..15

Դդմատոն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․…………………………..15

Համբարձման ծես․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․…………16 

Զատիկի ծես․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․……………..16     

Անձրևաբեր ծես ……………………………………………………………. 17

Եզրակացություն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․…………………20

Օգտագործված գրականություն ցանկ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․21

2

                                                      ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերընդեսերունդ նրա փոխանցման միջոցները: Պատմության ընթացքում կազմավորվել են մի քանի այդպիսի միջոցներ կամ ձևեր: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը:

Ծեսերի իրագործման գլխավոր նպատակներից մեկն էլ այն է, որ ազգային մշակույթի արժեքները չմոռացվեն: Այս դեպքում սովորողը հանդիսանում է ծեսը պահպանողը և փոխանցողը դեպի  ընտանիք և շրջակա աշխարհ: 
Ծեսի   նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար: Եթե ծիսական պարագան պատրաստվում է ծեսի իրականացման ընթացքում, պատրաստել բնության գրկում՝ երգերի, պարերի, պարերգերի, հետաքրքիր պատմությունների, զրույցների  ուղեկցությամբ: Յուրացնելով ծեսը՝ չկրկնել միայն նկարագրածով, ստեղծագործել, նոր համապատասխան կերպարներ, գործողություններ, պարագաներ ստեղծել: Գործողությունները և նոր պարագաները, կերպարները պետք է ստեղծեն մասնակիցները, պատճառաբանեն, հիմնավորեն, արդարացնեն փոփոխությունը, ինչից ելնելով է այն կատարվում, որքանով է բնական, հետաքրքիր, ժամանակակից: Կարելի է փորձել նորությունը, չվախենալ փոփոխությունից: Ստեղծականությունը պետք է լինի անընդհատ, ամբողջ ծեսի ընթացքում:

Տարիներ շարունակ ազգային ծեսերը վերականգնվում և իրականացվում են  մեր կրթահամալիրում։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն առանձնանում է հեղինակային մանկավարժական կրթական ծրագրով. յուրաքանչյուր դասավանդող,

մանկավարժական աշխատող հեղինակը և կրողն է այն կրթության, ուսուցման մեթոդի, ուսումնական նախագծի, որով  դասավանդում է, ստեղծում է: Հեղինակայինկրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը, այլև այն համապատասխանեցնել տվյալ դասարանին, սովորողների առանձնահատկություններին, կարողություններին: 

3

                                                                 ԲԱԺԻՆ 1.

                                                      ԾԵՍՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Ծեսով ուսուցման նշատակը այն սովորողինը դարձնելն է, որ նա իրեն զգա  մասնակից  ու փոխանցող: Սովորողի համար ծեսը դառնում է իսկական ուսումնասիրության և հետազոտության աղբյուր: Նրանք կարողանում են  համացանցից, ընտանիքի անդամներից, գրքերից  տեղեկություններ հավաքել, գրառել, հորինել ասացվածքներ, խոսքեր, հանելուկներ, ստեղծել իրենց  սեփական ներկայանալի  կերպարները, պատրաստել ուտեստներ և այլն:

Ծեսը միավորում է բոլորին, դառնում է համադպրոցական, ընտանեկան: Այն կարելի է դիտել որպես երաժշտական, տեխնոլոգիական, մաթեմատիկական, մարզական, հայրենագիտական, լեզվական համընդգրկուն, ինտեգրված նախագիծ: Սովորողը  ծեսերին նախապատրաստվելու և իրականացման  ընթացքում կարողանում է իրեն լավագույն ձևով դրսևորել և ձեռք բերել  նոր  հմտություններ ու կարողություններ:

Ծեսով ուսուցման նպատակն ու խնդիրները

Ազգային մշակույթի յուրացման, փոխանցման, տարածման ճանապարհին դասավանդողը իր առջև պետք է դնի կոնկրետ նպատակներ և խնդիրներ, որոնք   պետք է բխեն կրթության շահերից և ունենան սովորողի զարգացմանը  նպաստաող քայլեր:

Նպատակը՝

  • Ազգային մշակույթի ժառանգում, յուրացում, փոխանցում՝ որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեության միջոցով։

Խնդիրները՝

  • ավանդական ծեսերի միջոցով ազգային ավանդույթների, արժեքների յուրացում որպես  բնական կենսակերպ,
  • ազգային արժեքների պահպանում, հայապահպան մտածողության ձևավորում,
  • ազգային մշակութային արժեքների պահպանման, փոխանցման գործում,
  • սեփական մասնակցությունն ունենալու պահանջմունքի ձևավորում,
  •  ստեղծագործելու, հետազոտելու, ինքնադրսևորվելու կարողություն:

4

Ծես՝ ուսումնական նախագիծ

Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում

Հանրակրթական դպրոցում սովորողի ներդաշնակ հոգևոր զարգացման կարևոր խնդիրներից մեկը ազգային մշակույթի յուրացումն է՝ավանդույթներ, ծեսեր, տոներ: Բնականոն կյանքով ապրելու պայմաններում ժողովրդական տոները կզարգանային, կփոխվեին հասարակական փոփոխությունների հետ համաքայլ: Դրանք չէին իմաստազրկվի, այլ նոր որակ, նոր ձև կստանային և կշարունակեին կատարել իրենց կարևորագույն դերը` մարդկանց համախմբելու, ազգային և մարդկային արժեքները պահպանելու:
Եթե ընտանիքում, հասարակության մեջ  չի պահպանվել ավանդականը, ապա այդ գործն իր վրա է վերցնում պետությունը կամ կրթօջախը՝ սկսելով նախակրթարանից և շարունակելով մինչև դպրոցն ավարտելը:

Սա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի զարգացման ծրագրի պահանջներից մեկն է:
Ծեսերին նոր կյանք տալու համար  հարկավոր է նախ  շատ լավ յուրացնել ավանդականը, ճանաչել այն միջավայրը, որտեղ ստեղծվել են դրանք: Լավ իմանալ երգերն ու պարերը, ծիսական գործողությունները, պարագաները, դրանց խորհուրդն ու պատրաստման տեխնոլոգիան:  Ո՞ր գործողություններն են, որ կարելի է կատարել կամ փոքր-ինչ ձևափոխել կամ լրացնել նորով: Ո՞ր պարագաներն են, որոնք շատ լավ կմտնեն ժամանակակից  ծեսի մեջ կամ կստանան նոր ձև կամ էլ նորերը կլինեն: Սրանք այն հարցերն են, որոնք առաջ են գալիս և որոնք լուծելու խնդիր ունենք:
Իհարկե, ծեսին նոր կյանք տալ` չի նշանակում ակունքից այնքան հեռանալ, որ այն դառնա ոչ թե ծես, այլ անհատ մարդկանց երևակայությամբ ստեղծված հիբրիտ` հնի ու նորի վատ սինթեզ: Ծիսական հիմնական կարգը պետք չէ շփոթել տոնական մասի հետ: Յուրաքանչյուր ծես, ծիսական գործողություններից բացի, ունի տոնական մաս, որտեղ կարելի է կատարել ժամանակակից բարձրարժեք երգեր ու պարեր:

5

Մեր Ծրագրի նպատակն է ծեսը, տոնը սովորողինը դարձնել, որ սովորողը իրեն մասնակից ու փոխանցող զգա:
Խնդրի իրագործման համար մենք առաջարկում ենք.

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նրան նոր կյանք տալ:

Ի՞նչ ճանապարհ են անցնելու սովորողները` ծեսը յուրացնելիս, ծիսակատարությանը նախապատրաստվելիս.

ծանոթանում են ծեսի հետ,

հավաքում են տեղեկություններ տարբեր աղբյուրներից` մեծերից, ինտերնետից,
գրքերից և այլն,

գրի են առնում


ա. խաղիկներ,
բ. առած – ասացվածքներ,
գ. հանելուկներ,
դ. հեքիաթներ, պատմություններ, ավանդություններ,
ե. երգեր:

նկարում են

ա. ծիսական հերոսներին,

բ. ծիսական պատկերներ,

սովորում են

  • ծիսական և ծեսին համապատասխան երգեր, ասույթներ, ասիկներ, օրհնանքներ,
  • սովորում են ծիսական, ավանդական պարեր,
  • պատրաստում են ծիսական պարագաներ,
  • խաղարկում են ծիսական գործողություններ,  ծիսական խաղեր,

6

  • բեմականացնում են երգեր,
  • կատարում են բնագիտական փորձեր,
  • գնում են ուսումնական ճամփորդության,
  • հորինում են հանելուկներ, հեքիաթներ, գովք, օրհնանք,
  • գրում են նամակներ, բարեմաղթանքներ, վերապատմում, փոխադրում են իրենց տպավորությունները:

Սովորողը, քայլ առ քայլ, անկաշկանդ միջավայրում, ամենօրյա արդյունավետ գործունեությամբ, լիիրավ մասնակցությամբ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելով ու փոխանցելով, յուրացնում է ծեսը:

Ի՞նչ խնդիրներ են լուծվում.

  • նյութի յուրացում (լեզուն, մտածողության գեղարվեստական այլ արտահայտչամիջոցներ),
  • գիտելիքների, կարողությունների, դրսևորում և կիրառում
  • գեղարվեստական խոսքի մշակում,
  • տարբեր կարողությունների դրսևորում, հղկում, մի շարք հմտությունների ձեռքբերում, մշակում (լեզվական, թատերական),
  • գրական — գեղարվեստական ճաշակի զարգացում,
  • ինքնադրսևորում, ձերբազատում բարդույթներից:

Ծեսով ուսուցումը հեղինակ-մանկավարժի համար

Ծեսով ուսուցումը հեղինակային մանկավարժության, նախագծային ուսուցման, ուսումնասիրման, հետազոտման   լայն հարթակ է։ Նախագիծ կազմելիս դասավանդողը  հետազոտական աշխատանք է կատարում, կարդում, հավաքագրում տեղեկություններ՝ տարբեր բանահավաքների, ազգագրագետների հոդվածներից, աշխատություններից, որպեսզի կարողանա լիարժեք իրականացնի նախագիծը։ Ինքնակրթվող, սովորող-հետազոտող ուսուցքի բլոգում հավաքվում են բոլոր նյութերն ու փաթեթները, որտեղից էլ սովորողն ու ծեսով հետաքրքրվող ցանկացած անձ կարող է օգտվել։

Ծեսի ուսուցման ընթացքը դպրոցում`

  • ընդհանուր պարապմունքներին,
  • ուրբաթ-պարապմունքներին,

7

  • ժամերգությունների, ճամփորդությունների, համագործակցության,
  • կրթական փոխանակումների, փոխայցելությունների,
  • սովորող-սովորեցնող նախագծերի

և այլն, հիման վրա:

Ծեսով ուսուցման ընթացքը  ընտանիքում՝

  • Սովորողը, ծնողը, ընտանիքը ուսումնասիրող
  • Հետազոտող՝ համացանց, գրեքեր,
  • Հարցումներ մեծերից,
  • Շրջապատից հարցազրույցներ….
  • Ծեսը ընտանիքում՝ մասնակցություն, ցուցադրում, ֆլեշմոբեր, վիկտորինաներ

և այլն:

Միջառարկայական կապերը ծեսի նախապատրաստական շրջանում և իրագործելիս

Երաժշտություն – գիտեն և կարողանում են կատարել ծիսական և այլ հայկական ժողովրդական երգեր:
 Պար — գիտեն և կարողանում են կատարել ծիսական և այլ հայկական ավանդական պարեր:
Մայրենի — գիտեն ծեսը, ծիսական ավանդություններ և զրույցներ, ասույթներ, առած-ասացվածքներ, բանաստեղծություններ, կարողանում են խաղարկել ծիսական գործողություններ, ծանոթանում են տարբեր բարբառներին և տոների ու ծեսերի հետ առնչվող բանահյուսական նյութը կարողանում են ներկայացնել բարբառներով

Մարմնակրթություն — գիտեն և կարողանում են խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր, պարել ազգային պարեր:
Բնագիտություն — կարողանում են հետազոտել, գիտեն տարվա շրջափուլերի, բնության և մարդու վրա դրանց ազդեցության մասին, կարողանում են պատրաստել ծիսական բուսական պարագաներ, ուտեստներ (օրինակ՝ զատկական ածիկ), գիտեն այն բույսերը, որոնք օգտագործվում են ծեսերին և ունեն դրանց մասին, այդ տարիքին համապատասխան, գիտելիքներ: Ձեռարվեստ, կերպարվեստ — պատրաստել ծիսական պարագաներ, այդ թվում՝ հանդերձանք, կատարել նյութի ընտրություն:

Խոհանոց — պատրաստել ազգային ծիսական և տոնական այլ կերակրատեսակներ:

8

Ծեսերի իրականացման օրացույց

Ծեսով ուսուցումը իրականացվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով։ Ուսումնական օրացույցը կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններից մեկն է: Օրացույցը մտավ մեր սեբաստացիական կյանք ու դարձավ կիրառելի,  կազմակերպող: Օրացույցը ամեն ամսվա, շաբաթվա սկզբում թերթվող, ուսումնական առօրյան կանոնակարգող ու ամեն անգամ բովանդակային, դրանից բխող` կազմակերպական շեշտադրում հաղորդող ուղեցույց է: Օրացույցը ապահովում է անընդհատ զարգացող մանկավարժությամբ պայմանավորված պարբերականությունը։

Օրացույցն ու հեղինակային կրթական ծրագիրը նախագծային ուսուցման կարգավորիչներն են, որովհետև այդտեղ են արտացոլված

 կրթահամալիրային, տարեկան,  ծրագրային դրույթները շեշտող նախագծերը: Ծեսերն ու տոները մտել են մեր կրթահամալիրյան օրացույց և մենք էլ հետևողական ենք օրացույցի թելադրանքին։

Ծեսով ուսուցումը իրականացվում է  ՀՀ տոնածիսական օրացույցով՝ եկեղեցական, ժողովրդական տոների կրթահամալիրի կողմից ուսումնական նպատակով իրականացվող, կրթահամալիրի կողմից ստեղծված ծեսերի, տոների շրջանակում:

Կրթահամալիրի ուսումնական տարվա ուսումնական օրացույցը մշակվում է մանկավարժության կենտրոնում՝ ուսումնական նախագծերի, դպրոցների, մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։ Օրացույցը հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը։ Ուսումնական տարվա ընթացքում ուսումնական օրացույցում  փոփոխություններն արվում են միայն կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։ Կրթահամալիրի օրացույցը հրապարակում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը։

Ծեսով ուսուցման արդյունքների ամփոփում

  1. Արդյունքները ամփոփվում են ծեսի, տոնի իրականացման ժամանակ, որտեղ յուրաքանչյուրը մասնակցում է իր ընդունակությունների, նյութի յուրացման և մասնակցության չափով: Գնահատումն իրականացվում է առանց գնահատանիշի:
  2. Արդյունքները տեսագրվում են, ստեղծվում է տեսադասեր, որոնք դառնում են ուղեցույց ծեսի, տոնի իրագործման համար:

9

                                                      ԲԱԺԻՆ 2

                              Իրականացրած ծիսական նախագծեր

Տարիների ընթացքում կրթահամալիրում իրականացվել են  բազմաթիվ ծեսեր, ծիսական նախագծեր,  որոնք իրականացման օրից մինչ այսօր  մշակվել են, հղկվել, հարմարեցվել  այսօրվա երեխաների հոգեբանությանը:

Իրականացրած ծիսական նախագծեր

Լավաշթխիկ

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր նախագծի շրջանակում սովորողների, նրանց ընտանիքների հետ նախապատրաստվում ենք կրթահամալիրի տոնին: Իրականացնում ենք  «Հացթխիկ-լավաշթխիկ» նախագիծը:

Նախագծի նպատակը  համայնքի կյանքին ընտանիքների ակտիվ ներգրավվումն է:

Խնդիրներն են՝

  • տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • համագործակցային հմտությունների զարգացում

10

Նախատեսվում է՝

  • ընթերցել տարբեր տեղեկատվական տեքստեր, ավանդազրույցներ, առած-ասցվածքներ հացի, լավաշի մասին: Քննարկել այդ տեղեկությունները՝ համադրելով մեր փորձի հետ:
  • Լեզվական-ստեղծագործական աշխատանքներ կատարել նախագծի շրջանակում, հորինել հանելուկներ, պատմություններ:
  • Ցանել ցորեն, հետևել ընթացքին, դիտարկումները գրանցել, անդրադառնալ կենդանի ու անկենդան բնությանը:
  • Այցելություն Ագարակի թոնրատուն, լավաշթխիկի արարողություն:
  • Ծիսական պարերգերի ուսուցում:

Ընթերցանության նյութեր՝

Առած-ասացվածքներ

  • Ամառվա փուշ՝ ձմեռվա նուշ:
  • Ամառվա օրը տարի է կերակրում:
  • Հաց, հաց, դուռդ բաց: Ով ինչ ցանի , այն կհնձի:
  • Ով աշխատի, նա կուտի:
  • Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա:
  • Ժլատ մարդու հացը չի ուտվի:
  • Հացը երեսից էլ պիտի ուտվի:

11

  • Անբանը հաց  ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ է:
  • Աշխատանքը սև է, հացը սպիտակ է:
  • Բերան կա՝ հաց չկա, հաց կա՝ բերան չկա:
  • Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու չի լինի պարել:
  • Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկհն կովեր։ Աշխարհն աշխատավորին է։
  • Աջով տուր, որ ձախով վերցնես։
  • Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու։
  • Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։

Օրհնանքներ

  • Դռներդ միշտ բաց լինի, տաշտներդ միշտ հաց լինի:
  • Աստված մեկդ հազար անի:
  • Առատ տարի, բերքը՝ բարի:
  • Մեկ ցանես, հազար հնձես:

Հանելուկներ
Ոտքով ջուր է խմում,
Կտուցով ձվեր է հանում: /ցորենի հասկ/

Թաղում ես, ապրում է,
Պահում ես, մեռնում է: /ցորեն/

Սերմը ափով
Շաղ տամ թափով,
Մեռնի տարով,
Ապրի բարով: /ցորեն/

Երգարան
Հաց թխելու խաղերգեր
Հաց թխելու երգեր. տեքստեր
Ջաղացի երգ
Կոտ ու կես

12

Մուլտֆիլմ
Կախարդական լավաշը
                       

Հարիսա, Թթուդրիկի ծես                                   

Հարիսան  ու Թթուդրիկը  կարծես մեկտեղվում են․ նախ՝ թթուդրիկ, ապա՝ հարիսա։ Ամեն մեկը բանջարեղեն է բերում՝ կաղամբ, լոլիկ, վարունգ, գազար, ծաղկակաղամբ, սխտոր, կանաչի և այլն։ Լվանում ենք միասին, համտեսում, կտրատում, սաները կարողանում են թե՛ ինքուրույն լվանալ, թե՛ կտրատել, սիրուն դասավորում ենք տարաների մեջ։

Բանջարեղենից պատրաստում ենք թթու-կերպարներ, թթու-դեմքեր։ Պատրաստում ենք աղաջուր, կատարում ենք բնագիտական փորձ և սպասում թթվելուն, որ Հարիսայի ծեսի ժամանակ համտեսենք։ Մեր պատրաստած թթուները մասնակցում են նաև կրթահամալիրյան Թթու- էքսպո ցուցահանդեսին։ Հարիսայի ծեսը շատ մեծ շուքով ենք նշում կրթահամալիրում։ Եփում ենք մի մեծ կաթսայում, օր է որոշվում ըստ օրացույցի, ամբողջ դպրոցով սկսում ենք տոնել և ուտել, երգել ու պարել։ Ծեսը մեզ տալիս է հնարավորություն, ստեղծում միջավայր, որտեղ սովորողները  նախապատրաստման և իրականացման ընթացքում կիրառում են իրենց հմտություններն ու գիտելիքները՝ շարունակ ինքնակրթվելով ու ավելի առաջ շարժվելով։

Խնոցի-հարոցի ծես նախագծի նպատակն է ազգային մշակույթի յուրացումը, ազգային ծեսի պահպանումը, խաղի միջոցով երգի ուսուցումը, խաղով շարժում, ռիթմուսուցումը։ 

Նախագծի ընթացքը իրականացվում է երեք փուլով՝  

  • Խաղերգերի, ասիկների ուսուցում 
  • Կաթից մածուն մերելու գործընթաց 
  • Մածունը խնոցիով հարելու, ստացված թանը համտեսելու գործընթաց:

Սովորողները խաղի միջոցով ծանոթանում են գործողությունների ընթացքին՝ կաթ կթել, քամել, եռացնել: Միասին գոլացնում ենք կաթը, ապա յուրաքաչյուրն իմանում է, թե որքան պետք է լինի կաթի տաքությունը, որ այն լավ մածուն դառնա: Միասին դասարանում կաթից մածուն ենք մերում, թողնում, որ երկու օր մնա սառնարանում, հետո այն լցնում ենք խնոցու մեջ և հարում` մինչ ջուր ավելացնելը:

13

Հարելով երգում ենք ազգային երգ-խաղ-պար, խնոցուն գովում, հետո համտեսում մեր թանը: Թանը պատրաստում ենք ուսումնական ագարակում՝ խնոցու լվացման և թանի պատրաստման ուրախ ։

Առավոտյան ընդհանուր պարապմունք․ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում օրը ներառում է դպրոցի ընդհանուր պարապմունք, որի տևողությունը 20 րոպե է:  Պարապմունքին մասնակցում են բոլոր սովորողները, դասավանդողները, ծնողներ: Այն միասնական ուսումնական նախագիծ է, որի նպատակը օրը միասին սկսելը, իրար ողջունելը, միմյանց դրական լիցքեր հաղորդելը, միասին երգելն ու պարելը, միմյանց հաջողություններով ուրախանալն ու միմյանց շնորհավորելն է:

Ընդհանուր պարապմունքի ծրագիրը կազմելը, վարելը ուսումնական աշխատանք է: Պարապմունքի ծրագրում ներառվում են կրթահամալիրի հիմնը, հոգևոր երգեր, ծիսական երգեր, պարեր, օտար լեզուներով կարաոկեներ, մարմնամարզություն, միասնական արտասանություն, շնորհավորանքներ, հայտարարություններ, ընթացող կամ ամփոփվող ստուգատեսների նյութերը:

Դդմածես 

Դդմածես նախագիծն ամփոփում ենք ղափամայի համտեսով։

  • Դդմի մասին տեղեկությունների ձեռքբերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության ձևեր

  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների հորինում
  •  Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին

14

  • Դդմային պատմության հորինում և ձայնագրում «Մի նախադասություն դու, մի նախադասություն ես» մեթոդով

«Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես»
մեթոդի նկարագրություն

Խաղավարը կախարդական դդումը փոխանցում է սովորողներին, իսկ նրանք, յուրաքանչյուրը մեկ նախադասություն ասելով, փոխանցում են իրար: Պատմությունն ավարտվում է, երբ վերջին սովորողն ասում է իր նախադասությունը:

Լեզվագործունեություն

Դդմի մասին տեղեկությունների որոնում, դուրս բերում, խմբագրում:

Մաթեմատիկական

Դդումների կշռում, համեմատում, խնդիրների հորինում

Ես և շրջակա աշխարհ
Սովորում ենք ցանել դդմի կորիզներ
«Սովորող-սովորեցնող» նախագիծ. սերմնացան

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների`աղցանի, թխվածքաբլիթի, Ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմանկար –դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում

Խաղեր

Դդմագլոր

1․ Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

15

2․ Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

3․ Փափուկ ներքնակներին շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմատոն, դդմա…/

Երաժշտական գործունեություն

  • Ղափամայի ծիսական երգերի ուսուցում
  • Ազգային պարերի ուսուցում

Ընտանեկան նախագծեր

  • Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում։

«Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք» նախագծով կատարված աշխատանքների արդյունքում անցնող ուսումնական տարում տարատարիք մասնակիցների հետ իրագործվել են «Զատիկ», «Համբարձում» ծեսերը, նախագծի շրջանակներում ստեղծվել են նոր նախագծեր՝ «Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություն»։

Մայիսի վերջին Հարավային  դպրոցի սովորողները Կոտայքի մարզի Կամարիս գյուղում իրականացրին «Անձրևաբեր ծեսը»: 

Կոտայքի մարզի Կամարիս գյուղը շատ հարմար դիրք ու բնություն ունի ծեսերն իրականացնելու համար՝ ծաղկառատ սարեր, ձորեր, գետակ, աննման բնություն։

Ծեսի նախապատրաստական աշխատանքների մեջ էին մտնում ջրի (անձրևի) Խորհրդի ուսումնասիրությունը, դրա կարևորությունը բնության մեջ, պաշտամունքային տարրերը հայոց մեջ:

Ունկնդրեցինք ջրի, անձրևի մասին երգեր (Բոբիկ ջուր մի էրաՋուր կուգերԶըպիկ, զըպիկԱնձրև եկավԵրկինքն ամպել էՊուպլատիկինն էկեր է և այլն):

16

Ծանոթացանք անձրևաբեր ծիսական կերպարների հետ, սովորեցինք անձրևաբեր ծիսական երգեր, պատրաստեցինք անձրևաբեր տիկնիկ-կերպարներ՝ մեր պատկերացմամբ, խաղարկեցինք ջրի և անձրևի հետ կապված խաղեր (ջրոցի, Նուրի, Բուկլե Բարան, Պուպլատիկին, «Ջրաղաց» և այլն ): Տիկնիկներով ներկայանալ ցանկանում էին բոլորը, դե, բնական է, նրանց թվում էր, որ դրանց գործոնը կարևոր դեր է խաղում:

 Ծիսական երգերը կատարելիս տիկնիկներին ձեռքից ձեռք էինք փոխանցում կամ տիկնիկին կանգնեցնում որևէ տեղ՝ այս դեպքում տիկնիկին ներկայացնելով «ինքնուրույն ներկայացող կերպար», իսկ սովորողներին՝ նրանից անձրև ակնկալող: Երկու տարբերակն էլ լավ աշխատեց: Երբ բնության գրկում պատրաստվում էինք իրականացնել ծեսը, սովորողներն առաջարկեցին տիկնիկներին զարդարել ծաղկեպսակով: Լավ միտք էր, հավաքեցինք ծաղիկներ, ծաղկեպսակներ հյուսեցինք, մեր տիկնիկներին մի լավ սիրուն տեսքի բերեցինք ու բնության գրկում խաղացինք ծիսական գործողություններից մեկ հատված, որտեղ ծիսական կերպարները եկել են ու «երկընքեն թոն կուզեն, գետնեն էլ բերք կուզեն»: Շարժվեցինք երգելով ու այգում շարունակեցինք մյուս հատվածը: Չեք պատկերացնում՝ որքա՜ն էինք ուզում անձրև գար, բայց… Աչքներս գոնե մի կտոր ամպ տեսնելու հույսով անընդհատ երկնքին հառած, հույսերս չկտրելով, մեկ էլ միտք հղացավ՝ բերեք ցնցուղով անձրև բերենք, երկինքը կտեսնի, ամպեր կհավաքի ու անձրև կբերի: Սիրում եմ մեր լայնսիրտ, բացձեռ ժողովրդին, միանգամից ճարվեց մեծ ցնցուղ, որը ոչ միայն կատարեց իր «ծիսական» դերը, այլև սովորողներին մի աննկարագրելի ուրախություն պարգևեց:

17

Այսպես ծեսը խաղացինք բնության գրկում, բեմում և լողավազանում: Այն ոչ միայն տպավորվեց սովորողների մեջ, այլև դարձավ իրենցը՝ երգով, խաղով, ծիսական կերպարներով: Այն չտրվեց արհեստական կազմած սցենարով, իր ծիսական դերը չկատարող ծիսական կերպարով, դերաբաշխումով, որտեղ ծեսի իրական պատկերն ընդհանրապես չի երևում:

Իհարկե, չի կարելի ասել, թե ինչ ստացվեց` լավ էր, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ իր բոլոր թերություններով, բացթողումներով հանդերձ, այն կայացավ, մենք մեր պատկերացմամբ կենդանացրեցինք մեր ազգային ծիսական արարողակարգերից մեկը, դաս քաղեցինք: Եթե որոշենք էլի խաղալ, այն կտարբերվի առաջինից, կլրացվի, կձևափոխվի, կերպարներն այլ տեսք կունենան, գործողություններն էլ հաստատ կրկնություն չեն լինի: Չէ՞ որ ստեղծագործ միտքն անընդհատ առաջ է գնում, զարգացնում եղածը:

18

                                                 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Փորձը ցույց տվեց, որ ազգային դպրոցն իսկապես մեծ շտեմարան է, որտեղից ցանկության դեպքում կարելի է գտնել ամենակարևորը: Ազգային մշակույթը չի կորցրել իր արժեքն ու կարևորությունը, այն հարուստ աշխարհ է, ուղղակի պետք է գիտենալ՝ ինչ և ինչպես վերցնել:Այսպիսով, բոլոր վերոնշյալ ծեսերով փորձում ենք զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, ստեղծագործական երևակայությունը, տարատարիք սովորողների հետ համատեղ խմբային և անհատական հետազոտական աշխատանքներ կատարելու, ուսումնական նախագծեր իրականացնելու, իրար հետ շփվելու, միջհամայնքային, միջմարզային կապեր հաստատելու, իրար ճանաչելու, իրար հետ սովորելու և միասին բազմաթիվ խնդիրներ լուծելու հմտություններն ու կարողությունները, ծանոթացնել «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին։

19

Օգտագործված գրականության ցանկ

 Ս. Կարապետյան, Տոներ և ծեսեր, Երևան, 2008

Հ. Խառատյան, Հայ ժողովրդական տոները, Երևան 2005,  Զանգակ

Ռ. Հարոյան, Զատիկ, Երևան, 1996, Շաղիկ

Էլեկտրոնային կայքեր

Ծեսեր համակարգելու այցեքարտ-Հասմիկ Մաթևոսյան

Արտակարգ օրերում ծեսով ուսուցում. Հայաստան-Արցախ-Հասմիկ Մաթևոսյան

Ազգային խաղերի ներառումը հանրակրթության մեջ-Հասմիկ Մաթևոսյան

«Անձրևաբեր ծես» նախագիծը կրտսեր դպրոցում-Մարինե Մկրտչյան

Սուրբ Ծննդյան ավետիսներ, ամանորյա խաղեր-Մարինե Մկրտչյան

Ազգային ծեսերին, խաղերին, երգերին` նոր կյանք-Մարինե Մկրտչյան

Տեառնընդառաջը Քոլեջի Նախադպրոցական կրթության բաժնում-Մարինե Մկրտչյան

Ազգային ծեսերին, խաղերին՝ նոր կյանք-Մարինե Մկրտչյան

Ծեսը՝ ինքնագիտակցության միջոց-Մարինե Մկրտչյան

Ծեսը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ-Մարինե Մկրտչյան

Հանրակրթական ծես. ստեղծում, փոխանցում-Մարինե Մկրտչյան

Ազգային ծեսը որպես կրթական կամուրջ–  Սեդա Թևանյան

Ծես, https://kronadaran.am/dictionary/tses/

Իմ՝  «Գոհար Սմբատյան»  բլոգhttps://smbatyanblog.wordpress.com
«Սեդա Խաչատրյան»  բլոգ, https://sedakhachatryanblog.wordpress.com

3 thoughts on “Ծեսը՝ ուսումնական նախագիծ

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.